BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ծանր հարված ռուսական սպորտին

Ծանր հարված ռուսական սպորտին
13.11.2015 | 11:37

Դեռևս կիրակի օրը բրիտանական (The Sunday Times) ու գերմանական (ARD հեռուստաալիք) զանգվածային լրատվամիջոցները շտապեցին հայտնել, որ, լոնդոնյան օլիմպիադայում ոսկե ու արծաթե մեդալներ շահած ռուս ութ թեթևաթլետ իբր կաշառք են տվել IAAF-ի արդեն նախկին նախագահ Լամին Դիակին (հայերենով սարսափազդու ազգանունով սենեգալցի ֆունկցիոները ձերբակալված է), որ չբացահայտվի խաղերից առաջ իրենց՝ խթանիչներ օգտագործած լինելու փաստը: Սա, ինչպես ասացինք, կիրակի, իսկ արդեն երկուշաբթի WADA-ն հրապարակեց ռուսական սպորտում կոռուպցիայի ու խթանիչների օգտագործման մասին հետազոտության արդյունքները: Ռուսական կողմի արձագանքը բնական մերժողական է: Սպորտի նախարար Վիտալի Մուտկոն մասնավորապես ասել է. «Ինչ ութ մարզիկ, ինչի մասին է խոսքը՝ չեմ կարող ասել: Թիմը Լոնդոն է գնացել քառասուն անգամ ստուգված: Այդ խաղերում մենք դեպքեր ունենք, ու բոլորն այդ մասին գիտեն, սակայն նրանք պատժված են (նախարարը նկատի ունի սկավառականետորդուհի Դարյա Պիշալնիկովային (արծաթե մեդալը ստիպված եղավ վերադարձնել մրցումներից գրեթե անմիջապես հետո) ու արգելավազորդուհի Յուլյա Զարիպովային (վերջինս ոսկե մեդալը վերադարձրել է երեք տարի անց, կրկնակի դոպինգ-ստուգման արդյունքում)»: Ընթերցողին տեղեկացնենք, որ պատժամիջոցներ են կիրառվել նաև այլ մարզիկների նկատմամբ, սակայն դրանք չեն ուղեկցվել մեդալները հետ վերցնելով: Խոսքը, բնականաբար, վերաբերում է օլիմպիական մեդալներին:
Նախարարն ուրիշ շատ բաներ էլ է ասել, սակայն նրա խոսքի մեջ սպասողական վիճակն ավելի քան առկա է, որովհետև այդ բացահայտումները կատարյալ պայթյուն կլինեն ռուսական սպորտի, տվյալ դեպքում՝ թեթև աթլետիկայի համար: Արդեն իսկ կարծիքներ են շրջանառվում ռուսներին առաջիկա օլիմպիական խաղերի մասնակցությունից զրկելու մասին, իսկ սա կատակ բան չէ: Սա էլ իր տեսակի ոչ այնքան սանկցիաների, որքան պատերազմի մարտահրավեր է ու հեշտությամբ կուլ չի գնա: Իսկ թե մասնավորապես ինչու են սրանում առավել ջանադիր բրիտանացիները, թերևս մանրամասնելու հարկ չկա. այդ նրանք էին, որ 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմակերպիչ երկիրը դառնալու հարցում պարտվեցին ռուսներին, ու այդ ամոթը չեն կարողանում կուլ տալ:
Ամփոփելով` նկատենք, որ առաջիկա օլիմպիական խաղերին ռուսների հնարավոր մեկուսացմանը հասնելը ծանրագույն հարված կլինի նախ և առաջ համաշխարհային սպորտին: Եվ հետո` ինչո՞վ են մեղավոր այն մարզիկները, ովքեր իրենց բաժին հացը վաստակում են ազնիվ պայքարում, առանց խթանիչների:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 835

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ